«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

«Նավթահանքերի գեներալները»

«Նավթահանքերի գեներալները»
13.04.2026 | 21:33

Մարդկանց ճակատագրերի հետ «գիր-ղուշ» խաղացող գերտերությունների վարչախմբերը գնալով ավելի ու ավելի են նմանվում մաֆիոզ խմբավորումների, որ գիշատչային պայքար են մղում միմյանց դեմ՝ ազդեցության սահմանները պահպանելու կամ ընդլայնելու շահադիտական մոլուցքով: Հասարակ մարդը, որ սրանց հռչակած լոզունգներով իբր գերագույն արժեք է, իրականում գրոշի արժեք չունի, միլիոններով կարող են մահվան դատապարտել, երբ խաղասեղանին տրիլիոններով չափվող բաղձալի շահույթն է:

Աշխարհը բաժանել են ազդեցության գոտիների ու «մաֆիա» են խաղում, գլխավոր մաֆիոզին էլ Սպիտակ տան պարագլուխն է: Ինքն իրեն Հանրապետական կուսակցության խորհրդանիշ փղի տեղ է դրել ու երկար «կնճիթը» մոլորակի որ ծայրն ուզում՝ խոթում է: Կուզի՝ Վենեսուելայի առաջնորդին մաֆիոզ ոճով կառևանգի, կուզի՝ Գրենլանդիան կառնի-կծախի, դե, Կուբան էլ հո նաղդ է: Ու հիմա շատ է զարմանում, որ մերձավորարևելյան հեռավոր մի երկիր պինդ բռնել է Խաղաղ օվկիանոսից Պարսից ծոց հասած իր ամենակարող «կնճիթն» ու ցավեցնում է: Զարմանալը՝ դեռ հեչ, բա զայրանա՜լը, իսկը գազազած փիղ: Էլ դժոխքի էր վերածում Իրանը, էլ սպառնում մի գիշերում հողի տակ թաղել հազարամյակների քաղաքակրթություն, հետն էլ՝ վերջնագրի լեզվով: Լրիվ «մոռացել» էր, որ երբ վտանգվում են նավթակարտելի միլիարդները, խաղի մեջ են մտնում այլ մաֆիոզիներ՝ ոչ պակաս երկար «կնճիթներով»: Ընդ որում, բոլորն էլ գիտեին, որ այդ սպառնալիքն ընդամենը ահաբեկումով ցանկալին պոկելու փորձված բլեֆ է, սովորական ձեռագիր մաֆիայի համար, բայց մարտահրավերը նետված էր, և պետք էր արձագանքել: Թե ինչով ավարտվեց այդ արձագանքին հետևած կարճատև զինադադարը՝ տեսանք: Ոչ մի էական արդյունք: Իրանը շարունակում է փակ պահել Հորմուզի նեղուցը, Սպիտակ տան գլխավոր «փիղն» էլ պատրաստվում է ճեղքել շրջափակումը՝ նավթատար նավերի ազատ ելումուտն ապահովելով: Նորից բախումներ, հրթիռակոծություն, հրդեհներ, զոհեր: Սովորական դարձած վիճակագրություն, որի վավերագրական մանրամասները, ինչպես միշտ, պատերազմի անխուսափելի հետևանքների անվերջանալի էջերն են լրացնում:
Հարցերն ուժով լուծելու զոռբայությունը մարդկությանն ուղեկցում է դեռ վաղ նախնադարից ու բերել-հասցրել է 21-րդ դար՝ ամեն հարյուրամյակի հետ սպառնալիորեն կատարելագործելով մասսայական բնաջնջման գործիքները: Համաշխարհային մաֆիայի պարագլուխներն այսօր մրցում են իրար հետ հենց այդ գերժամանակակից գործիքներով, Խաղաղության նոբելյան մրցանակի ախորժակ ունեցող թիվ մեկ մաֆիոզին էլ սպառնում է քարեդարյան «ծննդյան վկայական» ունեցող Իրանին նորից ուղարկել քարե դար: Իսկը «նավթահանքերի գեներալներին» բնորոշ մտածողություն՝ ամերիկյան ամենատարածված հայհոյանքով համեմված: Քարե դարից 21-րդ դար հասած երկրին նման հոխորտանքներով, իհարկե, չես ահաբեկի, իսկ, այ, սեփական երկրիդ հեղինակությանը քարով կխփես: Պատահական չէ, որ հանրապետական «փղի» դեմ արդեն ոտքի են ելել դեմոկրատ «ավանակները» և ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները չարաշահող Թրամփի հրաժարականն են պահանջում: Ով ում կհրաժարեցնի՝ աշխարհի համար, խոշոր հաշվով, մեկ է, որովհետև ով էլ լինի Սպիտակ տան «շեֆը», գերտերության աշխարհակալ հավակնությունները մնում են նույնը՝ կառավարել աշխարհը սեփական մաֆիայի օրենքներով: Պակաս հավակնոտ չեն նաև մյուս չաղտերությունները, թեև գերադասում են խելամտորեն լռել այդ մասին ու երևութական դանդաղկոտությամբ շարժվել դեպի վերջնանպատակ:

Աշխարհը մեջ-մեջ անելու այս դաժան խաղը սկիզբ է առել դեռ վաղնջական ժամանակներից ու շարունակվում է նույն վայրի ազարտով. նետի փոխարեն՝ միջուկային մարտագլխիկ, աղեղի փոխարեն՝ հեռակառավարվող վահանակ: Եվ եթե նետ ու աղեղի ժամանակներում կռիվը մի կտոր մամոնտի մսի ու քարանձավի մի անվտանգ անկյան համար էր, հիմա դեղին ու երկնագույն ոսկին է կռվախնձորը: Բարելներով ու խորանարդ մետրերով չափվող այդ բնական ռեսուրսները պատերազմների բռնկուն օջախներ են, սարքովի մի կայծ, և հրդեհը պատրաստ է, կրակն էլ սովորական ջրով հնարավոր չի մարել, մարդկային արյուն է պետք, շա՜տ արյուն:

Երբևէ կկշտանա՞ աշխարհի տերերի անհագուրդ աչքը այս արյունոտ խրախճանքից, թե՞ դանայան տակառի պես ծակ են սրանց նավթագազային ամբարները, որ լցվում-լցվում ու չեն լցվում:

Միամիտ հարցեր, որոնց պատասխանը պատմությունը վաղուց տվել է:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ